ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարան

ԼՂՀ, ք. Ստեփանակերտ, Սասունցի Դավիթ 4, հեռ.՝ (047) 94-10-42, (047) 94-36-69, էլեկտրոնային փոստի հասցե՝ artsakhtangaran@mail.ru (melanyabalayan@mail.ru)

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը ԼՂՀ պատմամշակութային այն միակ օջախն է, որտեղ ներկայացվում է Արցախի պատմությունը հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Իր հիմնադրման պահից` 1939 թ., թեկուզև Խորհրդային Ադրբեջանի կողմից իրականացվող հայատյաց քաղաքականության պայմաններում, ապա և, նրա իսկ կողմից Լեռնային Ղարաբաղին պարտադրված պատերազմի թոհ ու բոհում, թանգարանը կարողացել է ոչ միայն գոյատևել, այլ նաև հավաքագրել ու պահպանել ազգի դիմագիծը ներկայացնող նյութական ու հոգևոր արժեքներ:  

Թանգարանի ֆոնդապահոցներում և ցուցադրության մեջ ընդգրկված են ավելի քան 50 հազար պատմամշակութային արժեքներ: Այսօր, քան երբևէ իր գոյության ընթացքում, թանգարանը առավել արդյունավետորեն է հարստացնում իր ֆոնդապահոցները` ի շնորհիվ Արցախում իրականացվող հնագիտական պեղումների ու դրանց արդյունքում հայտնաբերվող պատմահնագիտական, պատմամշակութային արժեքների: 

Թանգարանի ցուցադրությունը սկսվում է Արցախի բնաշխարհը պատկերող հետաքրքիր տեսարաններով, որին հաջորդում է հնագիտության բաժինը: Այստեղ ցուցադրված նյութերի մեջ մասնավորապես ընդգրկված են բնության քարացած նմուշներ, ամենավաղ քարեդարյան գործիքներ (հատիչներ), բրոնզե ամենատարբեր իրեր (զարդարանքներ, հմայիլներ, զենքեր), Ուրարտական ժամանակներից պահպանված զարմանահրաշ զարդագոտիներով կավանոթներ, հայկական, հռոմեական, պարսկական, արաբական ծագման արծաթե ու պղնձե դրամներ և այլն: 

Հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի քրիստոնեական քարոզչության ոլորտում ներառված էր նաև Արցախը, որտեղ էլ նա հիմնարկել է առաջին եկեղեցիներից մեկը` Ամարասը, որի լուսանկարի և համապատասխան քարտեզի ցուցադրությամբ սկսվում է թանգարանի միջնադարյան բաժինը: 

Իր ողջ պատմության ընթացքում արցախահայությունը ստիպված է եղել պայքար մղել  մեկը մյուսի ետևից երկրամաս ներխուժող այլադավան ավարառու ցեղերի դեմ: Արցախում բազում դարերի ընթացքում կառուցվել են բերդեր ու ամրոցներ, որոնց մասին հետաքրքիր վկայություններ կան համապատասխան միջնադարյան բաժնում: 

Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում նաև ազգագրության բաժինը, որտեղ ցուցադրությունը սկսված է արցախցու նահապետական ընտանիքի (տատիկը ճախարակով թել է մանում, իսկ պապիկը իր մշակած կաշուց տրեխ /կոշիկ/ է կարում) տեսարանով, ապա նաև ցուցադրված են գորգագործական հին դազգահ ու արցախյան ձեռագործ` 18-19-20-րդ դարերի գորգեր, կարպետներ, հնաոճ վարագույրներ, ասեղնագործ իրեր, տարազային հագուստ, արծաթե հնաոճ զարդարանքներ, գոտիներ և այլն,

19-րդ դարում հայ մշակույթի նշանավոր կենտրոններից էր Շուշին, որի մասին են  պատմում ցուցադրված ավետարանները, հին տպագիր գրքերը, լուսանկարները: 

Փաստագրական նյութերով առավել հարուստ են նոր և նորագույն բաժինները, որտեղ ներկայացվում են արցախահայության մղած ազգային ազատագրական պայքարը Ադրբեջանի դեմ 1918-21թթ., 1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի դաշնագրով նախատեսված և 1926թ կազմած Հայաստանի քարտեզը, 1920թ. մարտի 23-ի Շուշիի ողբերգական դեպքերը և Լեռնային Ղարաբաղի բռնակցումը Խորհրդային Ադրբեջանին: Հերթական սրահներում ներկայացված են գիտության և մշակույթի բնագավառներում համաշխարհային մեծ հռչակ վայելող արցախցի գործիչների, երկրորդ համաշխարհային պատերազմի 4 մարշալների կիսանդրիները, անձնական իրերն ու նրանց մասին պատմող բազմաբնույթ նյութեր և այլն: 

Առանձնակի մեծ հետաքրքրություն են ներկայացնում արցախյան-համազգային շարժումը, Ղարաբաղյան ազգային ազատագրական պատերազմը, հետպատերազմյան շրջանում ողջ աշխարհի հայության համատեղ ջանքերի արդյունքում Լեռնային Ղարաբաղի հանրապետության կայացման ու ամրապնդման մասին պատմող բաժինները: 

Այսօր, հաշվի առնելով այն բացառիկ դերը, որ ունի Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը` արցախահայության ակունքների և պատմական ուղու գիտականորեն պարզաբանման ու հանրությանը հավուր պատշաճի ներկայացնելու գործում, նաև՝ մեր ազգային արժեքների պահպանման ու սերունդներին ժառանգման, օրեցօր զարգացող զբոսաշրջության ոլորտում թանգարանի կենտրոնական տեղի և դերի ապահովման, զբոսաշրջային ծրագրերի մեջ նրա ավելի հիմնավոր ընդգրկման համար, թանգարանն աշխատում է իր ողջ հնարավորություններով: Պատմական արժեքներով հիմնավորված մեր պատմությունը հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներով հնարավորինս բարձր մակարդակով ներկայացվում է այցելուներին: 

Հատակագիծը՝ 512,29 մ2:

1-ին հարկ

2-րդ հարկ

Թանգարանն ունի 10 սրահ, որոնք ունեն հետևյալ տեղադրությունը.

  • Ժամանակավոր ցուցահանդեսների սրահ 
  • Արցախի բնաշխարհը, հնագիտության 
  • Միջնադարյան շրջանի պատմության 
  • Ազգագրության 
  • Արցախը 19-րդ դարում 
  • Արցախը 1918-1921 թթ. 
  • Արցախը խորհրդային ժամանակահատվածում 
  • Արցախահայության մասնակցությունը Հայրենական մեծ պատերազմին 
  • Արցախյան շարժում, ազգային ազատագրական պատերազմ (1991-1994 թթ.) 
  • ԼՂՀ-ն հետպատերազմյան շրջանում:

Թանգարանի առաջին ցուցանմուշը

Գորգ, 221 x 128 սմ, 20-րդ դարի սկիզբ

Թանգարանի գլխավոր ցուցանմուշները

Ցլակերպ, սնամեջ եղջերանոթ, Ք. ա. VIII-VI դդ., Կերեն, դամբարան № 64, 2004 թ., ԱՊՊԵԹ ԳԳ 16926, 29 x 5.7 սմ

Մարդակերպ արձանիկ-եղջերանոթ, Ք. ա. VIII-VI դդ., Կերեն, դամբարան № 64, 2004 թ., ԱՊՊԵԹ ԳԳ 16930, 29 x 29 սմ

Գորգ «Ջրաբերդ», XIX դ., ԱՊՊԵԹ ԳԳ 2917, 284 x 190 սմ

Գորգագործական դազգահ, XIX դ., ԱՊՊԵԹ ԳԳ 2073, լայնությունը՝ 155 սմ, բարձրությունը՝ 165 սմ, հաստությունը՝ 34 սմ

Երկուշաբթի-շաբաթ, ժամը 9:00-17:00: Մուտքն անվճար է: