ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՃԱՄԲԱՐ — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՃԱՄԲԱՐ

1. Իրականացման անհրաժեշտությունը

Առողջ և ամուր ընտանիքը, որում դաստիարակվում են հասարակության լիիրավ անդամներ, պետության հզորության և լուսավոր ապագայի հիմքն է: Երիտասարդական պետական քաղաքականության սուբյեկտ է հանդիսանում նաև երիտասարդ ընտանիքը, որն ունի իր կայացման առանձնահատկություններն ու նրբությունները:

Պետությունը չի կարող իր վրա վերցնել ընտանիքի գործառույթները, բայց կարող է ստեղծել այն պայմանները, որոնցում ընտանիքը կկարողանա բավարարել իր կարիքներն ու իրականացնել իր գործառույթները: Այս համատեքստում «Ընտանեկան ճամբար-2019» միջոցառումն ուղղված է պետության խնդիրներից մեկի լուծմանը` ընտանիքի դերի ուժեղացմանն ու ընտանեկան արժեքների պահպանմանը: Միջոցառումն ինքնին ենթադրում է արցախյան ընտանիքների համախմբում, միասնություն: Ծրագրի ընթացքում մասնակից թիմ-ընտանիքները հնարավորություն կունենան արցախյան գեղատեսիլ բնության գրկում միասին անցկացնելու ազգային-ավանդական, մարզա-տուրիստական, մշակութային մրցույթներով և հետաքրքիր հանդիպումներով ու ծանոթություններով հագեցած օրեր:

2. Նկարագրությունը

2.1.Ծրագրի կազմակերպման նախօրեին աշխատանքային խումբը ժամանում է նախօրոք ընտրված վայր, զբաղվում ճամբարի կառուցման հարցերով:

2.2.Ծրագրի մասնակիցները ժամանում են ճամբար, տեղավորվում վրաններում:

2.3.Ազգային-ավանդական խաղերի*, մարզատուրիստական**, մշակութային*** մրցույթների անցկացում, ազատ ժամանցի կազմակերպում****, Նաղաշ մշակութաժամանցային մանկական միջոցառում:

3. Նպատակը, խնդիրները, կատարման մեխանիզմը

3.1. Ծրագրի հիմնական նպատակն ու խնդիրներն են ընտանեկան արժեքների քարոզչությունը, ընտանեկան հանգստի ակտիվ ձևերի մասսայականացումը, հայրենասիրության ու քաղաքացիական պատասխանատվության դաստիարակությունը, առողջ ապրելակերպի խթանումը:

3.2. Ծրագրի կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը հոգում է ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը: Ծրագրի ֆինանսավորմանը կարող են մասնակցել նաև հովանավորներ:

4. Ծրագրի իրականացման կարգը.

4.1. Հանրությունը ծրագրի իրականացման մասին իրազեկվում է նախարարության  կայքում և տարբեր սոցիալական կայքերում տեղադրված հայտարարություններից, ԶԼՄ-ների /հայտարարություն/, շրջանային մշակույթի և երիտասարդության հարցերի բաժիններին հղված նամակ-հրավերների միջոցով: 

4.2. Ծրագրին մասնակցել ցանկացողները նախօրոք հայտավորվում են, մասնակցության համար անցկացվում է ընտրություն:

Ծրագրին մասնակցելու թույլտվություն ստանում են 6-13 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որոնք կազմավորվում են 3 հոգուց` հայր, մայր, 1 երեխա, /երկրորդ երեխան ծրագրին մասնակցում է որպես երկրպագու/: Թիմը պետք է ունենա մարզահագուստ, անվանում, պարտադիր բժշկական թույլտվություն:

4.3. Միջոցառումը իրականացվում է վրանային պայմաններում: 

4.4. Ծրագրի իրականացման համար նախարարի հրամաններով կազմավորվում է կազմկոմիտե, իսկ մրցույթների անցկացման և գնահատման համար` մրցավարական հանձնախումբ:

4.5. Ծրագրի անցկացման մասին տեղեկացվում են տեղական ինքնակառավարման մարմինները: 

4.6. Ծրագիրն իրականացվում է եռօրյա ժամկետում: 

4.7. Ծրագրի ընթացքը լուսաբանվում է ԶԼՄ-ներով:

ՀԱՎԵԼՎԱԾ 1

Ազգային-ավանդական խաղեր

Պարանի ձգում – խաղին մասնակցում են բոլոր թիմերը: Մրցույթն անցկացվում է շրջանաձև մրցակարգով: Հաղթող թիմը վաստակում է միավոր:

ՀԱՎԵԼՎԱԾ 2

Մարզա-տուրիստական մրցումներ  /պատասխանատու` «Ասլան Թրեվլ» ՍՊԸ/

Այս փուլի մրցույթները թիմային են: Թիմը հերթականորեն պետք է հաղթահարի առաջադրվող բոլոր արգելքները: 

Առաջադրվող մրցույթներն են` կախովի անցում, անցում գերանով, անցում ծանծաղուտով, ճոճանակ, անցում զուգահեռ պարաններով, տուժածի տեղափոխում:

Գնահատման չափանիշներ.

Գնահատվում է ըստ ժամանակի և արագության: Եթե թիմը /ընտանիքը/ մրցույթներից մեկի ժամանակ արձանագրել է ընթացիկ լավ արդյունք, իսկ հետագա մրցույթում, ընդհակառակը, անբավարար, նրանից հանվում է միավոր. դա արտացոլվում է ընդհանուր /վերջնական/ հաշվարկում:

ՀԱՎԵԼՎԱԾ 3

Մշակութային մրցույթներ 

Երգ —   երգի կատարում ըստ թիմի ընտրության

Թիմը մրցույթին կարող է մասնակցել անհատական կամ միասնական ձևով: Գնահատվում է լավագույն կատարումը:

Ասմունք – Միավոր է վաստակում ասմունքելու վարպետություն ցուցաբերած թիմը:  

Պար – Ընտանիքը կարող է նախապես պատրաստել պարային բեմադրություն և ներկայացնել մրցույթի ժամանակ: 

Մշակութային մրցույթների արդյունքները նույնպես արտացոլվում են ընդհանուր /վերջնական/ հաշվարկում: Երգի և ասմունքի կատարումները չպետք է գերազանցեն երեք րոպեն:

ՀԱՎԵԼՎԱԾ 4

  • Ծանոթության խաղին անմիջապես հաջորդում է §Color Party¦  միջոցառումը, որը միանգամից ներազդում է մասնակիցների շատ արագ համախմբվելուն և մերվելուն իրար հետ:  
  • Ընտանիքների մայրերի հետ կանցկացվի §Գտիր քո զույգին¦ խաղը: Կանայք նախապես բնութագրելու են իրենց ամուսիններին, վարողը այդ ամենը խմբագրելու է և ներկայացնելու  տղամարդկանց: Վարողը հերթով ընթերցում է բոլոր տղամարդկանց /հայրերի/ նկարագրությունները, և ըստ այդ նկարագրությունների տղամարդիք պետք է կռահեն թե խոսքը ում մասին է: 
  • Ճամբարի տարածքում կլինի առանձին տարածք, որտեղ տեղադրված է լինելու ֆիլմերի ցուցադրության համար էկրան: Մասնակիցների ազատ ժամերին, ըստ մասնակիցների  ցանկության, կցուցադրվեն ընտանեկան արժեքները քարոզող ֆիլմեր և կարճամետրաժ նյութեր:
  • Ճամբարում  կկազմակերպվի Հեղինակային երգի ակումբի համերգը:
  • Կկազմակերպվի խոհանոցային մրցույթ: Մասնակիցները կբաժանվեն երեք տարբեր թիմերի: Ամեն թիմի կտրամադրվի մեկ սեղան, պատրաստման պարագաներ և անհրաժեշտ մթերք, բանջարեղեն /երկուական լոլիկ, վարունգ, գազար, ճակնդեղ. ամեն թիմին երեք հատ եփած կարտոֆիլ, երկու հատ եփած ձու, պղպեղներ, ձեթ, ամեն թիմին մեկ կտոր եփած տավարի և հավի միս, կանաչի, համեմունքներ, կաղամբ/: Պատրաստման համար տրվում է 30 րոպե ժամանակ: Մրցույթի վերջում կխրախուսվի այն մասնակից թիմը, ով սահմանված ժամանակում կներկայացնի  մեկ ամբողջական ուտելիք, կլինի համով և կունենա տարբերվող արտաքին տեսք: Այս մրցույթի միավորը §Ընտանեկան ճամբար¦ ծրագրի ընդհանուր միավորներին չի գումարվելու: §Խոհանոց¦ մրցույթում հաղթողներին կտրամադրվի առանձին մրցանակ: Խաղի հովանավոր`  Շուշիի Տեխնոլոգիական համալսարան:
  • Կկազմակերպվի կարաոկե:
  • Ճամբարի երկրորդ օրը` տոնական ընթրիքից հետո, կկազմակերպվի համերգ  և դիսկոտեկ:

ՀԱՎԵԼՎԱԾ 5

  • Ճամբարումի առաջին օրը կկազմակերպվի «Նաղաշ¦  մշակութաժամանցային ծրագիրը, որի ընթացքում ծրագրի մասնակից երեխաները հնարավորություն կունենան, առանց ծնողների օգնության, ինքնուրույն  ստեղծագործել: Երեխաներին կտրամադրվի ձեռքի աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ` գունավոր թուղթ, մկրատ, սոսինձ, գունաներկ, սպիտակ թուղթ, մատիտներ և այլն: Մշակութաժամանցային ծրագրի պատասխանատուի վերահսկողությամբ  երեխաները հնարավորություն կունենան ազատ ստեղծագործել, որն էլ կնպաստի նրանց ներքին հույզերի և զգացմունքների դրսևորմանը: