ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԻՏՖՈՐՈՒՄ – ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԻՏՖՈՐՈՒՄ

ԾՐԱԳՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Կազմակերպել երիտասարդական ֆորում` թեմատիկ քննարկումների ազատ միջավայր, որտեղ Արցախի ակտիվ երիտասարդությունը հնարավորություն կունենա տեղեկանալ երիտասարդական քաղաքականության գերակա ուղղությունների իրագործման նպատակով կազմակերպվող ծրագրերի` ոչ ֆորմալ կրթության խթանման, մասնագիտական կողմնորոշման, տեղեղեկատվական ոլորտում երիտասարդների ներգրավման նոր հնարավորություններին, ինչպես նաև Արցախում իրագործվող  այլ ծրագրերի վերաբերյալ երիտասարդության իրազեկման, երիտասարդության սոցիալ-տնտեսական կայացման երաշխիքների ապահովման մեխանիզմներին, ծանոթանալ ամբողջ աշխարհում լայն տարածում գտած կամավորական աշխատանքի իրականացման ընթացակարգին, ստանալ ծրագրեր նախաձեռնելու և իրականացնելու հմտություններ, տնտեսության առավել հեռանկարային ճյուղերի, բիզնես-ծրագրերի մասին համապատասխան մասնագիտական խորհրդատվություն, բացահայտել և իրացնել սեփական ունակությունները, բարձրացնել ինքնագնահատականը, ձեռք բերել համախոհներ ու գործընկերներ, զգալ հասարակության լիիրավ անդամ ու մասնակից դառնալ հասարակական գործընթացներին։

Ֆորումի մասնակիցները կանցկացնեն մշակութային, ինտելեկտուալ մրցույթներով և ժամանցի կազմակերպման այլ  կրեատիվ ձևերով, տարաբնույթ քննարկումներով, երիտասարդությանը հուզող ոլորտներն ընդգրկող դասխոսություններով, հետաքրքիր հանդիպումներով և  ծանոթություններով հագեցած օրեր: 

Ձեռք բերված հմտությունները նախադրյալ կհանդիսանանան երիտասարդների կողմից համայնքների զարգացման ծրագրերի մշակման և իրագործման համար:

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Ստեղծել հատուկ բարեկամական և անմիջական մթնոլորտ, որտեղ տարբեր շրջաններից ժամանած երիտասարդները հնարավորություն կունենան ծանոթանալու և շփվելու տարբեր ոլորտների մասնագետների ու պետական գործիչների հետ, ուրվագծելու համայնքային զարգացման ծրագրեր:

Նախադրյալներ ստեղծել Արցախի երիտասարդական ներուժի բացահայտման ու զարգացման համար: 

Նպաստել միջհամայնքային և ներհամայնքային համագործակցության ակտիվացման ու զարգացման, պետական ծրագրերին երիտասարդությանն իրազեկման և համայնքի զարգացման գործում ներգրավման աշխատանքներին:

Աջակցել երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության ամրապնդմանը, դյուրացնել համապատասխան ոլորտներում երիտասարդական խնդիրների արծարծումը և խթանել երիտասարդների կարիքներին համահունչ միջոլորտային համագործակցությունը:

Ծրագրի խնդիրները

Կազմակերպել ընդհանուր կրթական և նեղ մասնագիտական դասընթացներ` ապահովելով երիտասարդական նախաձեռնություններին գործնական բնույթ տալու հնարավորություն /ծրագիր գրելու հմտություններ, համագործակցության կառուցում և այլն/:

Ստեղծել համագործակցության ցանց` երիտասարդների և համապատասխան ոլորտների մասնագետների ու պետական ծառայողների միջև` ապահովելով երիտասարդների շարունակական իրազեկումն ու մասնագիտական աջակցությունը:

Նպաստել միջհամայնքային և ներհամայնքային համագործակցության ընդլայնմանը, համայնքների զարգացման ծրագրերի իրագործմանը:

Մասնակիցների ընտրության չափանիշները և կարգը 

  • Մասնակիցների տարիքը`  18-35 տարեկան
  • ֆորումի աշխատանքներին և հետագա զարգացումներին մասնակցության մոտիվացիա 
  • երիտասարդական միջոցառումներին մասնակցության փորձ
  • երկխոսության զարգացման հետաքրքրվածություն
  • ֆորումի ծրագրով նախատեսված բոլոր միջոցառումներին մասնակցության պատրաստակամություն
  •  ֆորումի ընթացքում ստացած գիտելիքների տարածման պատրաստակամություն 
  • ֆորումի աշխատանքների մասին սոցիալական ցանցերում կամ զանգվածային լրատվամիջոցներում տեղեկատվության տարածման պատրաստակամություն
  • Մասնակիցների թիվը յուրաքանչյուր շրջանից`  6 երիտասարդ
  • Յուրաքանչյուր շրջանից առնվազն 1-ական մասնակից հետևյալ պայմանական թիրախային ուղղություններից /տվյալ ոլորտին առնչվող խնդիրների, իրականացվող միջոցառումների վերաբերյալ երիտասարդի տեղեկացվածություն և հետաքրքրվածություն/
  1. ՄՇԱԿՈՒՅԹ. ԺԱՄԱՆՑ. ՀՈԳԵՎՈՐ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
  2. ՍՊՈՐՏ. ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊ. ՌԱԶՄԱՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
  3. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ. ՈՉ ՖՈՐՄԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
  4. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ. ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ
  5. ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ
  6. ԻՐԱՎԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  7. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐ 

Ծրագրին մասնակցելու համար երիտասարդները պետք է մինչև 2016 թվականի հուլիսի 15-ը ներկայացնեն լրացված հայտը և ինքնակենսագրականը: Կազմակերպիչների կողմից կիրականացվի ընտրություն և արդյունքների մասին կծանուցվի դիմողներին: 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ և ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Կեցության, սննդի հետ կապված ֆինանսական և կազմակերպչական բոլոր հարցերը հոգում է նախարարությունը:

Ծրագրի կրթական ճամբարումը անց է կացվելու Բերդաձոր համայնքում, վրանային պայմաններում:

Մասնակիցները կապահովվեն օրական երեքանգամյա սնունդով և                             սուրճ-ընդմիջումով: Ճաշարանը կգործի միայն ճամբարի օրվա ռեժիմով նախատեսված ժամերին:

Ճամբարի տարածքում կգործի բուժկետ:

Ճամբարումի մասնակիցները պարտավոր են. 

պահպանել օրվա ռեժիմը,

խնամքով օգտագործել ճամբարի համար նախատեսված գույքը և պարագաները,

ճամբարի տարածքում պահպանել մաքրություն, 

քնի ժամերին չաղմկել և չխանգարել մյուս մասնակիցների հանգիստը:

Ճամբարի ընթացքում մասնակիցներին խստիվ արգելվում է լքել ճամբարի տարածքը և հյուրեր ընդունել:

Ճամբարի տարածքում ոգելից խմիչքների, ծխախոտի վաճառքը  և օգտագործումը արգելվում է:

Այն մասնակիցները ովքեր չպահպանեն սույն կանոնները անմիջապես կհեռացվեն: