ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուղերձ — ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ուղերձ

Հարգելի՛ այցելու

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտն Արցախի համար ունի ռազմավարական նշանակություն, որի առաքելությունը բխում է հայակերտման և ազգապահպանման գաղափարից։ Յուրաքանչյուր երկրի զարգացման ու հզորացման գլխավոր գրավականը հաջող կրթամշակութային քաղաքականությունն է, որը միտված է իրավագիտակից հասարակության ձևավորմանը։

Այսօր սրընթաց զարգացող գիտական աշխարհի հետ համընթաց քայլելու, նրա նվաճումներից հետ չմնալու համար Արցախում ևս անհրաժեշտ է ունենալ կիրթ և մրցունակ սերունդ, որը կկարողանա դիմադարձել ժամանակի մարտահրավերներին՝ օգտագործելով իր մտավոր ներուժը։ Այս համատեքստում շատ կարևոր է ԿԳՄՍ նախարարության ընտրած ռազմավարությունը։

Պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ ժամանակավոր հայտնված հայկական պատմամշակութային արժեքները շարունակվում են ենթարկվել պղծման ու ավերման, մինչդեռ տարբեր խողովակներով անընդհատ հնչեցվող մեր ահազանգերը մնում են անպատասխան։ Թշնամին կեղծ քարոզչության ու խեղաթյուրումների միջոցով փորձում է իրացնել մեր մշակութային ժառանգությունը՝ ընդմիշտ վերացնելով հայկական հետքը։ Այս պայմաններում ԱՀ ԿԳՄՍ նախարարության կայքէջի գործառույթներն ուղղված են լինելու տարվող կրթագիտական, մշակութային ու սպորտային քաղաքականությունը համաշխարհային հանրությանը հասանելի դարձնելուն, մեր արժեքներն ու հոգեմտավոր ժառանգությունը հանրահռչակելուն։

Կայքէջը լինելու է մեր կրթամշակութային և գիտական կյանքի վստահելի աղբյուրը, ինչպես նաև կատարվող աշխատանքների, ոլորտային տեղեկությունների հաղորդման ու մշակվող իրավական փաստաթղթերի հասանելիության թափանցիկ հարթակը:

Բարի գալուստ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կայքէջ։